Կենսաթոշակ ասվածը կոչված է ապահովելու տարեց մարդու կենսամակարդակը, այն էլ` լավագույնս: Սակայն դա չի վերաբերում Հայաստանի կենսաթոշակառուներին: Ոչ, ոչ, խնդիրը միայն կենսաթոշակի չափը չէ, դրան բազմիցս անդրադարձել ենք և դժվար թե նոր բան ասել հնարավոր լինի: Բայց կա մի մութ անկյուն կենսաթոշակների հարցում, որը լուսաբանման կարիք ունի:
Զարգացած երկրներում մարդիկ ցույցեր են անում, երբ կենսաթոշակային տարիքը բարձրացվում է, չեն ցանկանում մի քանի տարի ավելի աշխատել, ուզում են գնալ վաստակած հանգստի: ՈՒզում են վայելել այն, ապրել ինչպես ցանկանում են, անել ինչ իրենց սիրտն է ուզում, կենսաթոշակն էլ թույլ է տալիս անել սրտի ուզածը: Մեզ մոտ Հայաստանում մարդը կռիվ է տալիս, անգամ ստվերային մաղարիչներ է անում հիմնարկի ղեկավարներին, որ կենսաթոշակից հետո նորից աշխատի:
Արդյոք Հայաստանի կենսաթոշակառուն կարո՞ղ է անել այն, ինչ ցանկանում է։ Ծիծաղելի հարց է, չէ՞։ Ի՞նչ կարող է նա անել ստացած կենսաթոշակով. շատ-շատ կվճարի կոմունալ ծախսերը: Սա իսկապես խնդիր է, սակայն, կարծես սա քիչ էր, գումարվել է ևս մեկը:
Խնդիրը բացահայտվեց բոլորովին վերջերս: Պարզվում է` ՀՀ օրենսդրությամբ թոշակառուն որոշ դեպքերում կարող է ցտեսություն ասել իր թոշակին: «Բանկի հետ պայմանագրիս ժամկետը լրացել է: Պայմանագրով կենսաթոշակս կուտակվում է բանկում: Հիմա պահանջում են, որ անձամբ ներկայանամ բանկ` պայմանագիրը թարմացնելու համար: Բայց ինչպե՞ս ներկայանամ, երբ մի տարի է` ինչ մեկնել եմ Լոս Անջելես` աղջկաս մոտ, ինքս էլ երկրորդ կարգի հաշմանդամ եմ»,- այսպես ծանոթուհուս մայրը հեռախոսազրույցով խնդրեց ճշտել իր իրավունքը։
Մենք էլ մտածեցինք` ի՞նչ խնդիր կարող է լինել, կան նոտարական գրասենյակներ, կան նոտարներ, որոնց վավերացրած լիազորագրերն օրենքի ուժ ունեն: Հետևաբար, 80-ամյա երկրորդ կարգի հաշմանդամ կինը կարող է լիազորել որևէ բարեկամի ՀՀ բանկերում և այլ ծառայություններում գործարք անելու, որը վավերացված կլինի նոտարի կողմից:
Սակայն այս քաղաքակիրթ տարբերակը, պարզվեց, չի գործում: Առևտրային բանկերից մեկի գլխավոր տնօրենից տեղեկացանք. «Մի ժամանակ իսկապես նոտարով վավերացված լիազորագրերի հիման վրա բանկերը իրավասու էին երկարացնելու նման պայմանագրերը: Սակայն կենսաթոշակների մասով օրենքում որոշ փոփոխություններ կատարվեցին, և այդ կարգը այլևս չի գործում: Թոշակառուն անձամբ պետք է ներկայանա բանկ: Այս փոփոխության նպատակն է կենսաթոշակային համակարգը զերծ պահել տարբեր կեղծարարություններից»:
Այսինքն, մտավախություն կա, որ թոշակառուն կարող է մահացած լինել արտերկրում, և նրա թոշակը բաժին հասնի մեկ այլ մարդու: Այս մտավախությունը չբացառելով` ուզում ենք հարցնել` ի՞նչ է լինելու այն գումարների հետ, որոնք կուտակվում են բանկերում, իսկ թոշակառուն չի մահացել, բայց չի էլ կարող ներկայանալ, քանի որ կա՛մ նրա առողջական, կա՛մ էլ նյութական պայմանները թույլ չեն տալիս մի երկրից մեկ այլ երկիր տեղափոխվել:
«Եթե թոշակառուն չի կարող ներկայանալ, ապա նրա մեկ տարվա կենսաթոշակը կուտակվում է բանկում: Մեկ տարի հետո թոշակառուն պետք է անձամբ ներկայանա, այդ դեպքում կստանա ողջ տարվա գումարը: Եթե թոշակառուն ներկայանում է երկու կամ երեք և երկար տարիներ անց, ապա նրան տրվում է միայն մեկ տարվա կենսաթոշակը»,- մեզ հետ զրույցում պարզաբանեցին բանկերի իրավաբանները:
Որքան փորձում էինք խորանալ խնդրի մեջ, այնքան մթությունը այդ գումարների շուրջ մեծանում էր: Ի՞նչ է ստացվում. մարդու կենսաթոշակը տարիներ շարունակ կուտակվում է բանկում, բայց նա իրավունք ունի ստանալու միայն մե՞կ տարվա գումարը: Հարց է առաջանում` ո՞վ և ինչպե՞ս է տնօրինելու մնացած տարիների գումարը: Այս հարցը ոչ մի իրավաբան չմանրամասնեց:
Ի՞նչ է սա, թոշակառուների նկատմամբ ռեկե՞տ պետական մակարդակով։ Ակնհայտ է, որ այս մոտեցումը ձեռնտու է և՛ բանկերին, և՛ կենսաթոշակային համակարգին: Չի բացառվում, որ կուտակված գումարները հաջողությամբ պտույտի մեջ դրվեն: Սա լուրջ խնդիր է, որը, կարծում ենք, վերանայման կարիք ունի:
Ժասմեն ՎԻԼՅԱՆ